Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. Հայաստան կգա բժիշկների նոր խումբ

Makron Pashinyan

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նամակում նշված է.

«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ,

Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք:

Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և դրա հետևանքների դեմ:

Այս ոգով էլ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ և՛ Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, և՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում:

Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի: ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա:

Հույս հայտնելով, որ մեր համերաշխության և բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…