Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հարգանքի տուրք մատուցած աշխարհի առաջին առաջնորդներից էր, որը Պապին «ամենախոցելիների և փխրունների կողքին կանգնած խոնարհ մարդ» է անվանել, գրում է BBC-ն։
Իտալիայի վարչապետը հայտարել է, որ խորապես վշտացած է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան բոթից։ «Ես պատիվ եմ ունեցել վայելելու նրա բարեկամությունը», -ասված է Իտալիայի վարչապետի հայտարարության մեջ՝ հավելելով, որ քահանայապետը «ևս մեկ անգամ աշխարհից հորդորեց քաջություն ունենալ՝ փոխելու ուղղությունը և գնալ ճանապարհով, որը «չի ավերում, այլ կատարելագործում, վերականգնում և պաշտպանում է»։
Սպիտակ տունը չորեքշաբթի հարգանքի տուրք է մատուցել Հռոմի պապին։ «Հանգչիր խաղաղությամբ, Ֆրանցիսկոս պապ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ուրբաթ Իտալիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հանգստյան օրերին կարճատև հանդիպում էր ունեցել Հռոմի պապի հետ, հայտարարել է, որ ապրումակցում է «աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին, ովքեր սիրում էին նրան»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գրել է. «Ես սգում եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը. Նրա նվիրվածությունը խաղաղությանը, սոցիալական արդարությանը և ամենախոցելիներին անհուն ժառանգություն է թողնում: Հանգչիր խաղաղությամբ»:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հիշում է որպես «բարի, ջերմ և զգայուն մարդու»: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ընդգծել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «խաղաղության, սիրո և կարեկցանքի ձայնն էր»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է, որ քահանայապետը միլիոնավոր մարդկանց ոգեշնչել է «իր խոնարհությամբ և անկեղծ սիրով պակաս բախտավորների հանդեպ», գրում է Bild-ը։ Նա նշել է, որ Պապի ժառանգությունը կշարունակի մարդկությանը առաջնորդել դեպի «ավելի արդար աշխարհ»:
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քահանայապետին «արդարության և հաշտության համար անխոնջ պայքար մղած մարդ» է անվանել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելել՝ որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ ծառա, իմաստուն կրոնավոր և պետական գործիչ, մարդասիրության և արդարության բարձր արժեքների հետևողական պաշտպան»,-նշել է Պուտինը։