Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը վճռականորեն դատապարտել և մերժել է Լիբանանի քրիստոնյա և մուսուլման կրոնական առաջնորդների ու հոգևոր գործիչների հասցեին հնչող ցանկացած վիրավորանք՝ հաշվի առնելով այն արժեքները, որոնք նրանք ներկայացնում են, և որոնք դուրս են գալիս կրոնական հարթությունից ու առնչվում են ազգային միասնությանն ու ինքնությանը, հաղորդել է NNA-ն։
«Ակնկալվում է, որ բոլորը զերծ կմնան այս արժեքները խաթարելուց, որոնք մարմնավորում են Լիբանանի և նրա ժողովրդի միասնությունը»,- ասել է Աունը։
Նա հիշեցրել է, որ գործող օրենքներն արգելում են նման իրավախախտումները և պատժում խախտողներին։
Լիբանանի նախագահը բոլոր կողմերին կոչ է արել «տարաձայնությունները պահել քաղաքական շրջանակներում և զերծ մնալ անձնական վիրավորանքներից՝ հաշվի առնելով նման գործելակերպի բացասական հետևանքները, հատկապես երկրում առկա պայմաններում, որոնք պահանջում են լայն ազգային համերաշխություն»։