Սթափ գնահատենք վարակի տարածման իրավիճակը․ Հարությունյանը կոչով դիմել է արցախցիներին

arcakh

ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկ մեր հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման, ցավոք, հերթական երկու դեպքերն են արձանագրվել: Դրանք ահազանգում են այն մասին, որ, չնայած առողջապահության նախարարության հորդորներին՝ ինքներս մեր հանդեպ շարունակում ենք անփույթ և անպատասխանատու պահվածք դրսևորել: Հանրային վայրերում այս օրերին յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց ստվար խմբերի, որոնք համավարակից պաշտպանվելու գրեթե ոչ մի միջոց չեն կիրառում:

Սիրելի՛ համերկրացիներ, նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է: Հորդորս որպես կո՛չ ընդունեք. հանուն ձեր և ձեր հարազատների առողջության պահպանման՝ խստորեն հետևե՛ք սահմանված կանոններին, մի՛ թերագնահատեք համավարակի վտանգավորության աստիճանը:

Սա մեր պետության առջև ծառացած ներքին ամենամեծ մարտահրավերներից է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել: Այդ պայքարի առաջամարտիկը մեզանից յուրաքանչյուրն է, և իմ խնդրանքն է, որպեսզի ամեն մեկը սթափ գնահատի իրավիճակը ու ամենայն պատասխանատվությամբ կատարի իր բաժին պարտականությունը՝ նախ սեփական անձի, ապա՝ պետության նկատմամբ:

Ի դեպ, որտե՞ղ են նախագահի այն թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նրանց սատարող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները, որոնք, համավարակի տարածմամբ «մտահոգված», կոչ էին անում մեր հանրապետությունում հետաձգել համապետական ընտրությունները: Արդյոք վտանգը միայն ընտրություններո՞վ էր պայմանավորված, որ միանգամից դադարեցվել են այդ առթիվ հնչեցվող բոցաշունչ ճառերն ու ելույթները…

Համավարակը քաղաքական չէ, և կարծում եմ՝ համամիտ կլինեք, որ այն շահարկման թեմա դարձնելը պատվաբեր չէր: Իսկ դրա դեմ գիշեր ու զօր պայքարող մեր բուժաշխատողներին մեկ անգամ ևս հայտնում եմ իմ երախտագիտությունը»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…