Արժեքներ ոտնահարելու և միջազգային սկզբունքներ անտեսելու՝ Թուրքիայի վարքագիծը շարունակվում է. Արամ Ա

Kilikio

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ թուրքական իշխանությունների որոշմանն է անդրադարձել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Քիչ առաջ համացանցի ճամբով իմացանք, թե թրքական դատարանը որոշած է Կոստանդնուպոլսո Հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը վերածել մզկիթի։

Արդարև, 537 թվականին կառուցված այս տաճարը բյուզանդական ճարտարապետական արվեստի գագաթը կնկատվի։ Բյուզանդական կայսրության անկումով և Օսմանյան կայսրության գրավումով, 1453-ին տաճարը վերածված էր մզկիթի և ապա, 1935-ին՝ թանգարանի։

Անցնող օրերուն, եկեղեցիներու պետեր և ընդհանրապես միջազգային շրջանակներ կոչ ուղղեցին Թուրքիո չդիմելու Այա Սոֆիան վերստին մզկիթի վերածելու քայլին և պահելու անոր ներկա կարգավիճակը։ Հայ թե օտար մամլո ներկայացուցիչներ ուզեցին Մեր տեսակետը ունենալ այս մասին։ Մենք չուզեցինք կարծիք հայտնել՝ նախատեսելով թրքական դատարանին առնելիք որոշումին բնույթը։ Կուզենք հետևյալ ընդգծումները կատարել.-

Առաջին, Թուրքիան իր նախագահին ներկա նախաձեռնության ճամբով, հոգևոր ու մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով ճշտված սկզբունքներ անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը փաստորեն կշարունակե։

Երկրորդ, մեկնելով ներկայի և ապագայի իր ներքին թե արտաքին շահերեն, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակներեն, Թուրքիան նոյնիսկ կանտեսե իր հին թե նոր բարեկամներու թելադրությունը։

Երրորդ, Թուրքիա իր այս որոշումով գիտակցորեն կհարվածե քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնուած համակեցությունը՝ տեղական, շրջանային ու միջազգային մակարդակներու վրա, հակառակ այս գծով կատարված զգուշացումներուն։

Չորրորդ, Թուրքիա իր ներկա քայլով կու գա անգամ մը ևս հաստատելու, թե Արևմուտքին և քրիստոնյա համայնքներուն բացվելու իր ցույց տված նշանները կեղծ էին։

Հինգերորդ, ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ Հայոց ցեղասպանութենեն ետք հայ ժողովուրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռներու, սրճարաններու, մզկիթներու և այլ հանրային վայրերու վերածվեցան…։

Այո՛, ցեղասպանությունը ա՛յլապես կշարունակվի նու՛յն ցեղասպանին կողմե, աշխարհի լռության դիմաց։ Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը ա՛յլապես կթափանցե ամեն տեղ՝ արաբական աշխարհեն սկսյալ մինչև արևմտյան երկիրներ, աշխարհի լռության դիմաց»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։

https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3288855807802963

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…