Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է. Բոբ Մենենդես

 

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրել է լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լսումներին հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը բարձրացրել է Հայաստանին և Հարավային Կովկասին վերաբերող հարցեր, որոնց թվում նաեւ հայ ռազմագերիների, մարդասիրական օգնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:

«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», — ասել է Բոբ Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում:

Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացման համար։

«Եթե Ձեզ հաստատեն, դուք պարտավորվու՞մ եք աջակցել կայուն մարդասիրական օգնության տրամադրմանը, ներառյալ միջոցներ ականազերծման համար` Հարավային Կովկասի հայերին, ովքեր տեղահանվել են իրենց տներից կամ այլ կերպ տուժել Ադրբեջանի հարձակման արդյունքում, օգնելու նպատակով: Եվ երկրորդը` ի՞նչ կարող ենք անել ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու համար՝ ավելի կայուն խաղաղ գործընթաց ձևավորելու նպատակով» ,- հարցրել է Մենենդեսը:

Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակում է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:

«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»,- ասել է Նուլանդը։

Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը նախկինում անդրադարձել է Թուրքիայում ընթացող միտումների շուրջ երկխոսության անհրաժեշտությանը: Ամերիկացի դիվանագետը կոչ արեց շարունակել ճնշում գործադրել Թուրքիայում «ժողովրդավարության և մարդու իրավունքների, մամուլի ազատության» հիմնախնդիրների հարցում: Անհրաժեշտ է միասին վերադառնալ նույն էջին Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերում, պնդում է Նուլանդը:

«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլ նաև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:

Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ:

Ամերիկայի ձայն

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…