Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները կրկին առաջարկել են Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

mejlis

 Ադրբեջանի Միլի Մեջլիսի այսօրվա նիստում մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու մասին հերթական հայտարարություններով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն ասել է, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ աջակցում է Հայաստանին։ «Նման գործողություններով Ֆրանսիան խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու համար։ Ես դեմ եմ բոլոր տեսակի վիրավորանքներին ու բռնությանը։ Պարզապես տեղի ունեցածը Ֆրանսիայի քաղաքականության արդյունքն է։ Այդ երկրի վերաբերմունքը Ադրբեջանին երբեք չի փոխվի։ Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում»,- ասել է Հասանգուլիևը։ Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ոչ ադեկվատ քայլերը տարբեր մակարդակներում  տարակուսելի են։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիան խոչընդոտում է համագործակցությանը, որը պետք է զարգանա տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում։ Պատգամավոր Թուրալ Գյանջալիևն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան պետք է շատ ուշադիր լինի Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ երկրի հեղինակությունն ավելի է նվազելու։ Սոլթան Մամեդովն էլ կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները որպես Մինսկի խմբի համանախագահ։ Նա նշել է, որ Ֆրանսիայի Սենատում Վալանսի քաղաքապետի ու Ռոն Ալպերի շրջանի ներկայացուցիչների կողմից Արցախի Հանրապետության պատվիրակության ընդունելությունը վկայում է երկակի ստանդարտների ու Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունները ճիշտ գնահատելու անկարողության մասին։ «Քայլերը, որոնք իրականացնում են Ֆրանսիայի տեղական իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում, հակասում են այդ երկրի օրենսդրությանը։ Ֆրանսիայի դիրքրորոշումը պատերազմի ժամանակ ու դրանից հետո, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հարցեր են առաջացնում Ադրբեջանի հասարակության ու կառավարության մոտ։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են կանխակալ և միջազգային իրավունքին հակասող բանաձևեր»,- ասել է  Մամեդովը՝ նշելով, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ ու շրջաններ 28 փաստաթուղթ են ստորագրել Արցախի հետ, որոնցից 11-ը, դատարանի որոշմամբ, չեղարկվել է։ Հավելենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները բազմիցս հանդես են եկել հակաֆրանսիական հայտարարություններով ու Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերով՝ քայլեր ձեռնարկել՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու համար։ Սակայն պաշտոնական Բաքուն այս ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չի ձեռնարկել։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է բանակցությունների մասնակցել Մինսկի խմբի ձևաչափում։

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…