Թուրքիան միացել է ուկրաինական «խաղին» . hhpress.am

miacel e

  Ուկրաինայի շուրջ լարվածության աճին զուգահեռ համաշխարհային հանրությունը քննարկում է, թե Ռուսաստանի դեմ իրականացվող արշավում որ պետությունները կկանգնեն Կիեւի կողքին, ինչպիսին կլինի նրանց օգնությունը, միաժամանակ դիտարկվում է նաեւ այն հարցը, թե այդ պետություններն ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են պաշտոնական Մոսկվայի հետ: Նման քննարկումներում սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ այն համոզումն ունեն, որ Անկարան միանշանակ կկանգնի Ուկրաինայի կողքին, չնայած Ռուսաստանի հետ ունեցած ջերմ հարաբերություններին: Թեմային անդրադարձել է նաեւ լեհական «Wirtualna Polska»-ն՝ նշելով, որ Թուրքիան ձգտում է միջնորդի դեր կատարել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ եւ հաջող բանակցող դառնալու հնարավորություն ունի, որովհետեւ իրատեսորեն է հավասարակշռվում Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Հոդվածագիր Մարչին Մարկովսկին գրում է, որ Անկարան միեւնույն ժամանակ կպաշտպանի տարածաշրջանում իր հետաքրքրությունները՝ չմոռանալով Ռուսաստանից գազի գնման եւ բազմաթիվ զբոսաշրջիկների մասին: «Ուկրաինայի վրա հարձակումը ոչ խելամիտ քայլ կլինի, սակայն եթե Ռուսաստանը գնա դրան, Թուրքիան կանի ամեն բան, ինչ պահանջվում է իրենից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոսկվայի ու Անկարայի միջեւ ոչ հասարակ հարաբերությունները դարձել են Արեւելակենտրոնական Եվրոպայի անվտանգության ճարտարապետության առանցքային տարր: Միեւնույն ժամանակ հարց է առաջանում, թե Թուրքիայի ղեկավարը, որը Ռուսաստանից գազ է գնում, կարո՞ղ է կանգնեցնել հակամարտությունն Ուկրաինայում: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ ռազմական ամենամեծ ներուժն ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, երկար ժամանակ Արեւմուտքում համարվում էր Մոսկվայի մարտավարական դաշնակիցը: Երբ Անկարան 2019 թ. գնեց ռուսական չորրորդ սերնդի C-400 հրթիռային համակարգերը, ինչպես նաեւ ատոմակայանի շինարարության մեջ սկսեց համագործակցել ռուսական ընկերությունների հետ, կասկածներ ծագեցին՝ կապված ՆԱՏՕ-ին նրա հավատարմության հետ: Սակայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններն իրականում այնքան էլ միանշանակ չեն: Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական խաղն է վարում՝ ձգտելով ճիշտ հավասարակշռություն պահպանել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, ինչը նա ցուցադրել է՝ միանալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի գործընթացին: «Թուրքական Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա եւ պատասխան է սպասում Մոսկվայից: Նա նշել է, որ կցանկանար Անկարայում տեսնել հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին՝ դիվանագիտական մեթոդներով կարգավորման հասնելու համար: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը միաժամանակ տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի նախագահը պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Կիեւ: Իսկ ի՞նչ է թաքնված այս քայլերի հետեւում: Վարշավայի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Մաչայ Ռասը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գնահատելիս հարկ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: «Առաջին՝ Թուրքիան շահագրգռված է սեւծովյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մեջ, չի ցանկանում, որ Ռուսաստանն այնտեղ գերիշխող դիրք գրավի: Երկրորդ՝ պետք է հիշեցնել, որ Էրդողանը քննադատել է Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչը կապված է ղրիմյան թաթարների նկատմամբ պատմական դրդապատճառներ ունեցող համակրանքի հետ: Թաթարները ձգտում են պահպանել անկախությունը Մոսկվայից,- բացատրել է փորձագետը:- Երրորդ՝ Անկարան պետք է հաշվի առնի ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորությունը կամ այդ երկրից էներգառեսուրսների ստացումը, այլեւ տնտեսական կախվածությունը: Խոսքը զբոսաշրջության մասին է. Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը ռուսներն են կազմում»: Այս կախվածությունը, զուգորդված սեփական ազդեցության գոտին պաշտպանելու ցանկությամբ, Թուրքիային ճկուն դերակատար է դարձնում աշխարհաքաղաքական հարթակում, որը կարող է միջնորդի դեր ստանձնել ինչպես Կիեւի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Անկարան այդ տարածաշրջանում արդեն վաղուց առաջ է մղում սեփական պաշտպանական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ Ուկրաինային վաճառում է ժամանակակից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր եւ օգնում ուկրաինացիներին՝ ուժեղացնելու ռազմական նավատորմը: Մոսկվայի հետ բարդ հարաբերություններում հսկայական նշանակություն ունի նաեւ Մերձավոր Արեւելքը, հատկապես՝ Սիրիան, որը Թուրքիայի եւ Ռուսաստանի հակադիր շահերի բախման հարթակ է դարձել: «Ոչ վաղ անցյալում գործը հասավ փոխհրաձգության, թուրքերը Սիրիայում խոցեցին ռուսական ինքնաթիռը,- հիշեցնում է Վարշավայի արեւելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վոյցեխ Կոնոնչուկը։- Թուրքիան Ռուսաստանի հետ ավելի հաջող համագործակցության մեթոդ է գտել, քան ԵՄ-ն. Մոսկվան հասկանում է ուժի քաղաքականությունը, եւ Էրդողանի կոշտ դիրքորոշումը նրա հարգանքն է առաջացնում: Բացի այդ, ինչպես ենթադրում է Կրեմլը, Թուրքիան լարվածություն է ստեղծում ՆԱՏՕ-ում, իսկ դա Պուտինին դուր է գալիս»: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն արձագանքել Անկարայի նախազգուշացումներին եւ բանակցություններ սկսելու կոչին: Կոնոնչուկը ենթադրում է, որ թուրքական կողմն իսկապես ի վիճակի է հանդես գալ միջնորդի դերում, որը կարող է նպաստել Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացմանը։ «Սպասվում է Էրդողանի այցը Մոսկվա, եւ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Անկարա: Ուկրաինայի համատեքստում արդեն ընթանում են ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ»,- նշել է նա։ Էրդողանը, հայտարարելով, որ Թուրքիան հավատարիմ է ՆԱՏՕ-ին, գործում է իրատեսորեն, քանի որ ուղղակի ռազմական միջամտություն չի ծրագրում։ «Էրդողանի դիրքորոշումը հասկանալու համար պետք է հաշվի առնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ նրա հավասարակշռումը: Թուրքիան փորձում է առավելագույնս անկախ լինել երկու կողմերից, ուստի մերթ իրեն հռչակում է որպես Արեւմուտքի գործընկեր, մերթ զենք է գնում Մոսկվայից»,- ավելացրել է Մաչայ Ռասը: ՌԴ ԳԱԱ Ե. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին համարում է, որ իր միջնորդությամբ Էրդողանը փորձում է ցուցադրել Մոսկվային, որ հեղինակավոր խաղացող է, որին անհրաժեշտ է ընդառաջ գնալ երկկողմ հարաբերություններում: «Իհարկե, շատ դժվար է մտնել Էրդողանի ուղեղի մեջ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ պատկերացումներից է ելնում նա: Բայց հաշվի առնելով, որ նա կոշտ կերպով պաշտպանում է Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի բոլոր հավակնությունները, ապա այս կերպ նա եւս մեկ գործիք է ստեղծում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ հույս ունենալով զիջումների հասնել վերջինիս կողմից: Օրինակ՝ Սիրիայում եւ Ղարաբաղում»,- ասել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության ռուսական կենտրոնի տնօրեն Ամուր Հաջիեւը կարծում է, որ ուկրաինական հարցում Էրդողանի ակտիվության գլխավոր պատճառը նրա ցանկությունն է՝ ցուցադրելու Անկարայի նշանակությունը որպես տարածաշրջանային ծագող տերություն: Բացի այդ, Թուրքիայում առաջիկայում ընտրություններ են, եւ Էրդողանը, ինչ-որ բան ցուցադրելով նաեւ ՆԱՏՕ-ում իր իսկ դաշնակիցներին, ձգտում է ստանալ ներքին լսարանի քվեն: Նադեին-Ռաեւսկին կարծում է, որ, ընդհանուր առմամբ, Մոսկվան Կիեւի հետ պետք է ուղղակիորեն խոսի՝ առանց ներգրավելու միջնորդի, որը ՆԱՏՕ-ի անդամ է: «Թուրքիան չեզոք խաղացող չէ, այլ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործում է դաշինքի օրակարգի շրջանակներում: Առավել եւս՝ Թուրքիայում տրամադրություններ կան, չնայած պաշտոնապես չեն հնչեցվում, որ Ղրիմը, ընդհանրապես, պետք է ընդգրկվի Թուրքիայի կազմում»,- շեշտել է Նադեին-Ռաեւսկին:

hhpress.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…