Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Biznes

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաագայում հանդիպեց Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանում առկա հնարավորությունները՝ ներդրում կատարելու, բիզնես հիմնելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում: Հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներդրումային հնարավորությունները: «Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»,-ասաց նա:

Վարչապետը, խոսելով ներդրումային հնարավորությունների մասին, վստահեցրեց, որ երկրում համակարգային կոռուպցիան վերացրել են և ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու փուլում են: Նա նկատեց, որ ներդրումների համար կարևոր է նաև տարածաշրջանային իրավիճակը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է տարածաշրջանում կայունության, խաղաղության ուղղությամբ: «Մեզ համար կարևոր ոլորտներից է գյուղատնտեսությունը: Մենք Նիդերլանդներից ներդրումներ ենք ակնկալում, քանի որ տեսնում ենք, թե գյուղատնտեսության ոլորտն ինչ զարգացած է ձեր երկրում»,-ասաց Փաշինյանը:

Իսկ, թե ինչը կարող է խթան հանդիսանալ, գրավել այս ոլորտում Հայաստանում ներդրում կատարելու համար՝ վարչապետն ընդգծեց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դրա ընձեռած հնարավորությունները: Ներդրումների համար որպես կարևոր և արագ զարգացող ուղղություն Փաշինյանը նշեց ՏՏ ոլորտը: Ոլորտի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական ուղղություն է: Վարչապետը խոսեց նաև զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների մասին՝ որպես հնարավորություններ Նիդերլանդների ներդրողների համար: Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենն էլ նկատեց. «Շատ հյուրերի, կազմակերպությունների ներկայությունը հանդիպմանը ցույց է տալիս, որ Հայաստանն իսկապես շատ գրավիչ երկիր է բիզնեսով զբաղվելու համար»:

PRIVA ընկերության (բարձր տեխնոլոգիական ընկերություն, որը զբաղվում է կլիմայի վերահսկման, էներգամատակարարման, ջրի արդյունավետ օգտագործման համար սարքավորումների նախագծմամբ և ծրագրային ապահովմամբ) ներկայացուցիչ Մարիա Կոմորովսկան քննարկման մասնակիցներից էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց. «Մենք արդեն 10 տարի է՝ ներկա ենք Հայաստանում: 10 տարի առաջ մենք առաջին նախագիծը սկսեցինք: Բազմաթիվ հաճախորդներ ունենք»:

Մարիա Կոորովսկան ընկերության կոմերցիոն ներկայացուցիչն է, հաճախորդներին աջակցում է ջերմոցների նախագծի կազմման սկզբից ի վեր: Իսկ թե ինչու են որոշել Հայաստանում բիզնես հիմնել, պարզաբանում է՝ լավ պոտենցիալ են տեսնում երկրում:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը շարունակվեց նախաճաշ-քննարկման ֆորմատով:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…