«Այն, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն ամբողջությամբ հրաժարվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ընտանիքի դեմ ներկայացված իր հայցից, նախադեպ էր. կարծում եմ՝ առաջիկայում դատախազությունը կհրաժարվի նույնաբովանդակ այլ հայցերից ևս»։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքումյանը՝ խոսելով այն մասին, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում տևած ծավալուն դատավարական գործընթացներից, բազմաթիվ նիստերից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ ամբողջությամբ հրաժարվել է Վերմիշյանների ընտանիքի դեմ ներկայացված իր հայցից։
«Մենք արդեն երկու տարի է՝ ասում էինք, որ Վահագ Վերմիշյանն ընտանիքի հետ 30 տարի ապրել է ՌԴ–ում, և այնտեղ էլ ստեղծագործել. չէ՞ր կարող Ռուսաստանում հայտնի ճարտարապետ լինելով հանդերձ Հայաստանում այդ չորս կտոր գույքը ձեռք բերել։ Նաև Եվրոպական դատարանի վճիռ կար, որտեղ ասվում էր, որ չես կարող ցանկացած անձի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնել, այն պիտի փոխկապակցված լինի կա՛մ անձի պաշտոնը ստանձնելու, կա՛մ հանցանքի հետ»,–ասաց փաստաբան Արմեն Մելքումյանը։
Փաստաբանի խոսքով, այս փուլում գործի նման ընթացք ստանալը մեծապես պայմանավորված էր ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2025թ․ ապրիլի 16-ին կայացված որոշմամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման առանձնահատկությունների մասով տրված մեկնաբանություններով և դրանց հիման վրա արված եզրահանգումներով։
«Ըստ ոորոշման, ապօրինի գույքի բռնագանձման հայց կարող է ներակայացվել այն անձին, որը ստանձնել է պաշտոն, ապա ձեռք է բերել գույք, կամ հանցագործություն է կատարել, ինչին հետևել է գույքի ձեռքբերում։ Այս երկու նախապայմաններից ոչ մեկը մեր վստահորդի և նրա ընտանիքի անդամների հետ որևէ առնչություն չուներ. Վահագն Վերմիշյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին, իսկ դատախազության պահանջած գույքը ձեռք է բերվել 2008-2009 թվականներին»,–հավելեց Մելքումյանը։
Փաստաբանի խոսքով, գործի առնչությամբ մեկ նիստ ևս կանցկացվի, որտեղ կքննարկվի դատական ծախսերի փոխհատուցման հարցը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։
Ավելի վաղ Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։
2024 թվականի մարտին՝ ավելի քան 4 տարվա կալանքից հետո Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով:
