Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ 280-րդ հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր) և 282-րդ հոդվածի 2-րդ մասով (ատելություն կամ թշնամանք հարուցելը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացումը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Արեգ Սամվելի Շչեպիխինի նկատմամբ որպես խափանման միջոց 02 ամիս 00 օր ժամկետով կալանավորումն ընտրելու մասին», — ասել են մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր Շչեպիխինին առևանգողների նկատմամբ գործի հարուցման մասին։ Վեց քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՔՕ 126-րդ հոդվածով (առևանգում) և ՔՕ 286-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Նրանց համար խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ Հունիսի 3-ի երեկոյան Շչեպիխինին առևանգել են Յարոսլավյան կայարանից. նրան բռնել են անհայտ անձինք և հրել սև «Մերսեդեսի» բեռնախցիկը, որը եղել է թարթիչներով և ուժայինների կողմից օգտագործվող АМР համարանիշներով։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, այս «Մերսեդեսը» բազմիցս ուղեկցել է Սաիդախմեդ Էլդարբիևի մեքենային, որին անվանում էին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին մոտ կանգնած անձ և նույնիսկ նրա օգնական։ Ոստիկանությունը հետապնդում է սկսել մեքենայի հետևից, սակայն կարողացել է այն կանգնեցնել միայն Կիևյան մայրուղու վրա՝ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ձերբակալման պահին առևանգվածը մեքենայում չի եղել։ Ինքը՝ Շչեպիխինը, պատմել է, որ իրեն տարել են քաղաքից դուրս և «ատրճանակի կոթով կոտրել են ականջները», բայց «ուժեղ չեն խոշտանգել, ավելի շատ հարցաքննել են», մասնավորապես՝ արդյոք նա կապեր ունի Ուկրաինայի հետ։

Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինին «ոչ թե առևանգել են, այլ ձերբակալել»։ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը հիշեցրել է, որ «բլոգերն» իր տեսանյութերում վիրավորել է չեչեններին և իսլամը։ «Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք իրականացրել են ձերբակալումը, ըստ էության, փրկել են նրա կյանքը կամ առնվազն առողջությունը։ Քանի որ հարյուր հազարավոր մահմեդականներ և ոչ միայն մահմեդականներ, որոնք լսել են նրա անթույլատրելի, վիրավորական արտահայտությունները կրոնի, Աստծո, ազգությունների հասցեին, բառացիորեն եռում էին միջազգային և միջկրոնական թշնամանքի այս հրահրողին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու ցանկությամբ», — նշել է Դուդաևը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…