Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։

«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն. Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականների կողքին:

Մենք՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներս, մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք հայտնում Մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և հատկապես ներսում տեղ գտած վտանգաշատ իրադարձությունների առնչությամբ։

Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները․

1․ Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը․ «Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդութեամբ շարունակել մնալ հրամանների և իշխանութեան տակ Կաթուղիկէ Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ և ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, — և [խոստանում եմ հնազանդվել] նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները» (ուխտագիր 3-րդ կետ)

2․ Ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից

3․ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը։

Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում  եւ հայտնում  անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անշեղորեն  իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում։ Կոչ ենք անում հավատարիմ մնալ Մայր Եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ տեր Հակոբը Գեւորգ Սրբազանի եղբայրն է, որը վերջերս հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…