Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։

Նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններով: Դեսպանը հավելել է, որ նախագահի խոսքերն ու հարաբերությունների վերաբերյալ ներկայացված դրական մոտեցումը մեծապես ոգևորիչ են և վստահություն են ներշնչում հետագա համագործակցության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…