ԾԱՆՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ.

Varchapety miaynak e

Բախումներ տեղի ունեցան Արցախում մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև:
Զինվորի հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին և իրենց մահացած զավակի դին վերցրած գալիս էին Երևան:
Անկախ հավաքված բազմաթիվ ոստիկանների, իրավիճակը հանդարտացվեց դեպքի վայր ժամանած ՊՆ Նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ջանքերով:
Բուն դեպքի, դրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին շատ է խոսվել, այդ պատճառով դրան չեմ անդրադառնա, այլ կփորձեմ վերլուծել առաջացած խնդրի բուն խորքային պատճառը:
Այսօրվա դեպքը եզակի չէ, երբ ժողովուրդը իր այս կամ այն պահանջը արտահայտում է ճանապարհ փակելով կամ քայլերթով Երևան գալով:
Որոշ մարդիկ փորձում են այս երևույթը ներկայացնել, որպես ժողովրդի կամակորության հետևանք, սակայն պատճառը ավելի խորքային է, ես կասեի պետության և հեղափոխության համար բավականին վտանգավոր, եթե ոչ կործանարար:
Հարկ է արձանագրել, որ ճանապարհներ փակելով և քայլերթով Երևան գալով, ժողովուրդը ցանկանում է իր խնդրի նկատմամբ ընդհամենը մեկ մարդու ուշադրություն գրավել կամ տեսնել հատկապես նրան, քանի որ իր բոլոր հարցերի լուծումը տեսնում է միմիայն այդ մարդու մեջ:
Այդ մարդը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Ի դեպ սա ևս մեկ ապացույց է, որ իշխող քաղաքական ուժի ամբողջ վարկանիշը ամփոփված է հենց Նիկոլ Փաշինյանի մեջ:
Իսկ ի՞նչու է դա այդպես:
Պատճառը առավել քան ակնհայտ է:
Ժողովուրդը չի վստահում և չի ընդունում ՀՀ Վարչապետի կողմից տեղերում նշանակված պաշտոնյաներին ՝ մարզպետներին, ոստիկանապետերին, ԱԱԾ պետերին, դատախազներին և այլն: Համարում է, որ նրանք հարց լուծող չեն, համարում է, որ իրենց թշնամի են և այդ պատճառով էլ ամեն գնով ձգտում են իրենց ընտրյալի ուշադրությանը արժանանալ, նրան և միմիայն նրան պատմել իրենց խնդիրը , միմիայն նրանից են սպասում իրենց հարցի լուծումը:
Փաստացի այս քայլով ժողովուրդը արձանագրում է, որ երկրում ամբողջ իշխանությունը, իր բոլոր ճյուղերով հանդերձ, իր համար ամփոփված է մեկ մարդու, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջ:
Այսօրվա դեպքը դրա լավագույն ապացույցն էր:
Վստահաբար կարելի է արձանագրել, որ ժողովուրդը հինգ րոպեում չորոշեց փողոց դուրս գալ և Երևան գալ: Ժողովրդի այդ նպատակի մասին երկու օր էր հրապարակումներ էին լինում համացանցում: Հայտնի էր նաև պատճառը: Հայտնի էր նաև, որ մահացածի հարազատները վճռական են և կատարելու են այդ քայլը:
Սակայն բոլոր այս հայտնիների պարագայում իշխանության պատասխանատու ներկայացուցիչները ոչ միայն ցուցաբերեցին կատարյալ անձեռնահասություն և անգործություն, այլ ընդհակառակը ` <<Լրաբերով >> էլ հայտարարեցին, որ մահացած զինվորը ինքնասպան է եղել, արդյունքում ժողովուրդը ականի պես պայթեց և դուրս եկավ փողոց:
Ուշագրավ էր նաև այն, որ ժողովրդի ճանապարհը փակելու, նրանց մուտքը Երևան արգելափակելու համար ՀՀ Ոստիկանապետի ԺՊ՝ Արման Սարգսյանը նետեց մեծաթիվ ոստիկանական ուժեր , բայց ինքը չգնաց և չհանդիպեց ժողովրդի հետ:
Ընդունենք, որ այս փաստը այսքան տարօրինակ չէր լինի, եթե ընդհամենը օրեր առաջ մեր << հերոս և անվախ >> Ոստիկանապետի Ժ/Պ-ն, իր կյանքը <<վստահած>> չլիներ Էրեբունի Պլազա ներխուժած << ահաբեկչին >> և ցուցադրած չլիներ իր բանակցելու << փայլուն>> ունակությունը ՀՀ Վարչապետին, հանուն իր նշանակման:
Արձանագրենք նաև, որ Ոստիկանության Ժ/Պ-ի <<համարձակությունը>> բավարար է <<զինված ահաբեկչի>> հետ բանակցելու համար, բայց բավարար չէ, ՊՆ Նախարարի և ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ անզեն, բայց զայրացած ժողովրդի հետ հանդիպելու և բանակցելու համար:
Հավանաբար Ոստիկանապետ Ժ/Պ-ի <<համարձակությունը>> կորավ այն պահից, երբ համոզվեց , որ <<զինված ահաբեկիչ >>, << Ադեկվատների >> չեզոքացում , պլանավորված ակցիաները ծառայել են իրենց նպատակներին և ՀՀ Վարչապետը իրեն հաստատապես նշանակելու է Ոստիկանապետ:
Այլ կերպ ասած, քանի որ այսօրվա ժողովրդական ընդվզումը պլանավորված չէր Ոստիկանապետի Ժ/Պ-ի կողմից, ապա բնական է , որ <<համարձակությունը>> նույնպես չէր կարող պլանավորվել, արդյունքում մեր Ոստիկանապետի Ժ/Պ-ն իրեն պահեց սովորականի պես, այսինքն , ինչպես միշտ խուսափեց վտանգավոր իրավիճակից և առաջնագծում միայնակ թողեց ոչ միայն իր ենթականերին, այլ նաև Դավիթ Տոնոյանին և Անդրանիկ Քոչարյանին:
Արձանագրենք, որ՝
Այսօրվա միջադեպը և դրան նախորդողները տեղի չէին ունենա և ժողովուրդն էլ սթրեսի չէր ենթարկվի, եթե Վարչապետի կողմից նշանակված պաշտոնյաները լինեին իրենց տեղերում և կատարեին իրենց պարտականությունները:
Այսօրվա միջադեպը տեղի չէր ունենա եթե նույն Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան պաշտոնյաները մի քիչ ավելի ուշադիր և սրտացավ լինեին մարդկանց ողբերգությանը, ժամանակին վերլուծեին ստեղծված իրավիճակը , կանխատեսեին և կանխարգելեին սպասվող իրադարձությունները:
Այսօրվա միջադեպը տեղի չէր ունենա, եթե վերը նշված տեղեկությունների վերլուծության հիման վրա ՀՀ Քննչական Կոմիտեն ընդամենը մի քանի ժամ շուտ հայտարարեր, որ զինծառայողի մահվան դեպքով կան ձերբակալվածներ և ինքնասպանության վարկածը հաստատված չէ:
Այսօրվա միջադեպի հետագա զարգացումը Ոստիկանության և ԱԱԾ-ի փոխարեն կանխեցին ՀՀ ՊՆ Նախարարը և ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ամփոփեմ
Քանի դեռ ՀՀ Վարչապետի կողմից նշանակված կադրերը այս աստիճան անձեռնահաս են, մեր Վարչապետը դատապարտված է միայնության ծանր բեռը կրելուն, իսկ ժողովուրդը ամենօրյա սթրեսի:

Արտակ Գալստյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…