Կասկադյորական ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է բետոնե էլեկտրասյուներին

Kaskadyorakan vtar

 Մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել այն և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից 4 հոգին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում: Դասակի հրամանատարը տեղեկությունը փոխանցել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ում ահազանգով դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արամ Սուքիասյանն ու Վահե Սարգսյանը: Վթարի մասին Երաևնի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…