Քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան ձերբակալվածներ

Ankargutyunner

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ:

2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ: Արդեն Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդ կերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ:

Դրանից հետո, հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե իբրև հեռանում են նշված վայրից և շարունակում երթը Հանրապետության փողոցով դեպի Տիգրան Մեծ պողոտա, իսկ այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Սայաթ-Նովա պողոտայի հատման վայր: Այդ կերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը և հասնելով մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները, խմբերով, տարբեր ուղղություններով վազել և կրկին առաջացել են դեպի Կառավարական 3-րդ տուն, և չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ, սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով՝ նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել:

Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…