ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Jrayin komite

  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից մերժում է ստացել:
Այնուհետև՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե և հանդիպել Վահագն Գևորգյանին: Վերը նշված պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործընթացին պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով նպաստելու համար Ս. Զ.-ն Վահագն Գևորգյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրելով ուսումնասիրել դրանք:
Վահագն Գևորգյանը, պարզելով, որ թղթապանակում առկա են ոչ թե փաստաթղթեր, այլ կաշառքի առարկա հանդիսացող գումար, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա` 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կատարված անձնական խուզարկությամբ նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է Ս. Զ.-ի մոտից:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ℹ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…