Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների նախագծերի շուրջ:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են վերոնշյալ ոլորտների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը բխում է հանրային կառավարման ռիսկի, տնտեսական վնասի, գործառնական խափանման, վստահության կորստի լուծման անհրաժեշտությունից: Ընդգծվել է, որ օրենքի ընդունումն ու կիրարկումն զգալիորեն կբարելավեն Հայաստանի կիբեռդիմակայունության մակարդակը հետևյալ հինգ հենասյուններով՝ իրավական, տեխնիկական, կազմակերպչական, կարողությունների և համագործակցության: Մանրամասներ են ներկայացվել նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակի և ազդեցության վերաբերյալ: Ներկայացվել է, որ նախագծի հիմքում դրվել է քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու քաղաքականությունը և կարգավորման շրջանակը տարածվում է կենսական նշանակության ծառայությունների և կրիտիկական ենթակառուցվածքների վրա:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ կարգավորման նպատակը միասնական թվային ճարտարապետության վրա հիմնված քաղաքականությունն է, որի շրջանակում հանրությանը և յուրաքանչյուր անձին թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականության իրականացման միջոցով կմատուցվեն արդյունավետ ու որակյալ ծառայություններ, կիրականացվի հանրային հսկողություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների նկատմամբ: Անդրադարձ է կատարվել պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, նշվել է, որ այն ներառելու է դրա կառավարման համակարգը, ծառայությունների միասնական և փոխգործելիության հարթակները, տվյալների շտեմարանները և աջակցող համակարգերը:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ օրենսդրական նախագծի հիմնական նպատակն է ձևավորել ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական շտեմարան, ձևավորել անձի իրավական ինքնության և նույնականացման հավաստման ամբողջական, վստահելի և միակ ճշմարիտ աղբյուր, ապահովել քաղաքացիներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածին տրամադրվող ստույգ, որակյալ և ճշգրիտ անձնական տվյալներ: Այս նպատակով առաջարկվում է հետևյալ լուծումը՝ ձևավորել անձի վերաբերյալ միասնական ճշմարիտ տեղեկատվության սկզբնաղբյուր՝ անձի կենսական իրադարձությունների՝ ամբողջական ցիկլի ներառմամբ:

Նախագծերի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օրենքների նախագծերի հիմնական դրույթներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են նախագծերի տարբեր կետերի շուրջ բարձրացված հարցերը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել առաջարկվող լուծումները ներառել նախագծերում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…