Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան լավատեսորեն է տրամադրված այդ հարցում, մինչդեռ Ադրբեջանի ռազմավարական մերձեցումն Իսրայելի հետ փակում է տարածաշրջանային հավասարումը, գրում է թուրքական Baran Dergisi պարբերականը։
«Ո՞րն է խաղաղ գործընթացի ճանապարհին իրական խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությո՞ւնը, թե՞ կայունության անտեսանելի դիվանագիտական հաշվարկը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղ բանակցությունները կարծես փակուղի են մտել:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է. «Խաղաղություն չի լինի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոփոխվել»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից, ասում է՝ «մենք պատրաստ ենք խաղաղության»։ Բայց արդյո՞ք Սահմանադրությունն իրոք այդքան կարևոր է։ Թե՞ այս գործընթացի հետևում ավելի խոր ռազմավարական հաշվարկներ կան։
Փորձագետների կարծիքով՝ խաղաղ գործընթացի դանդաղեցման գործում չի կարելի անտեսել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների դերը։ Ադրբեջանի լռությունը, հատկապես՝ չնայած Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանությանն ու ջարդին, ինչպես նաև Իսրայելի հետ նրա ռազմական գործընկերությանը, հստակ ցույց են տալիս, թե ինչի վրա է հիմնված Բաքվի արտաքին քաղաքական առանցքը։ 2020 թվականին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իսրայելի զգալի աջակցության շնորհիվ՝ Ադրբեջանը դրանից հետո խորացրել է իր ռազմական կապերը Թել Ավիվի հետ։
Այս համատեքստում ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը Հայաստանի հետ հասնի իրական և տևական խաղաղության, ապա նրա դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ կկարգավորվեն։ Սակայն մտավախություն կա, որ այս իրավիճակը աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքներ կունենա Իսրայելի համար։
Այն նույն ժամանակ, երբ Թուրքիան պաղեստինյան հարցում հստակ և կոշտ դիրքորոշում ունի, Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակական սերտ հարաբերությունները ցույց են տալիս, որ գերակայում է «շահերի գործընկերությունը», այլ ոչ թե «եղբայրության օրենքը»: Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման դեպքում. Սակայն այն փաստը, որ այդ խաղաղությունը մշտապես հետաձգվում է, վկայում է նրա մասին, որ Ալիևի կապերը Թել Ավիվի հետ առաջնահերթություն են դարձել տարածաշրջանային խաղաղությունից:
Երևանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը և կոչ է անում հրադադարի խախտումները հետաքննող համատեղ հանձնաժողով ստեղծել…
Նման մթնոլորտում Ադրբեջանի դիրքորոշումը, որ «առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղություն չի լինի», հուշում է, որ խաղաղ գործընթացը սաբոտաժի է ենթարկվում ոչ թե «իրական» պատճառներով, այլ «ռազմավարական ձգձգման» քաղաքականության միջոցով։
Միջազգային հարաբերությունների փորձագետ դոկտոր Օսման Ղազի Կանդեմիրի կարծիքով՝ Իսրայելի հետ Ադրբեջանի խորացող դաշինքը նրան վերածել է Իրանի դեմ տարածաշրջանային բուֆերային պետության։ Այս իրավիճակում Հայաստանի հետ խաղաղությունն Ադրբեջանի համար դադարում է լինել ռազմավարական առաջնահերթություն, քանի որ տևական խաղաղությունը պահանջում է Թուրքիայի հետ հարաբերություններում նոր հավասարակշռություն հաստատել։
Նման հավասարակշռությունը կարող է սահմանափակել տարածաշրջանում մանևրելու Իսրայելի հնարավորությունները: Միաժամանակ, Ադրբեջանն Իրանի դեմ իրեն ավելի ուժեղ է զգում Թել Ավիվից ստացած աջակցության շնորհիվ։
Տարածաշրջանում Թուրքիայի հավասարակշռող դերը հուշում է, որ խաղաղ գործընթացի հետաձգումը երկարաժամկետ հեռանկարում կվնասի նրան։ Որովհետև եղբայրությունը պահանջում է ազնվություն ոչ միայն հաղթանակի, այլև հաշվարկի մեջ։
Մինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ներկայացվում է որպես իբր կախված սահմանադրության և հին դիվանագիտական կառույցների լուծարումից, դրա հետևում ավելի բարդ հավասարում կա»,- նշվում է հոդվածում։
